«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

.....

.....
20.02.2009 | 00:00

Մեկ օրվա քրոնիկա
Երեկ Հայաստանում օրն անցավ հանգիստ, առանց միջադեպերի: Պարզապես նախագահի ընտրության մեկ տարին լրացավ, ուրիշ ոչինչ: Երկրի ղեկն իր ձեռքում շուրջ մեկ տարի պահած նախագահը Հովհաննես Թումանյանի 140-րդ տարեդարձի առթիվ Լոռիում էր ու այնտեղ, ինչպես մեկ տարի առաջ, կրկին խոստացավ. «Ես իմ պարտքն եմ համարում աշխատել և պետական մեքենան աշխատեցնել այն կերպ, որ բոլորիս միասնական ջանքերով մոտեցնենք այն օրը, երբ Հովհաննես Թումանյանի և մեր բոլորի երազած Հայաստանը հպարտությամբ և արժանիորեն կանվանենք «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»»: Չհիշատակվեց միայն «Առաջ, Հայաստա՛ն» կարգախոսը, քանի որ օրը ՀՀԿ-ական չէր, թումանյանական էր: Ինչևէ: Օրվա մյուս ինտրիգը քաղաքապետի ընտրության ժամանակացույցի հստակեցումն էր` մայիսի 31: Սա էլ «շաբաշ»` քաղաքապետացուներին նախագահի մեկամյա պաշտոնավարման առիթով։
Իսկ մինչ այդ` չբացահայտված մարտի 1, քաղբանտարկյալներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, առաջիկա հանրահավաքն էլ` վրադիր: Իսկ առջևում գարուն է։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռսի ոտը
Ըստ հավաստի աղբյուրի, դեռ գարունը չբացված, ռուսական ռազմական մասնագետների անմիջական վերահսկողությամբ լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսվել Գյումրիում։ Այնտեղ տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի շրջակայքում իրականացվող շինարարությունը, ըստ շրջանառվող լուրերի, ռուսական ռազմաբազայի ընդլայնման նպատակ ունի։ Չի բացառվում, որ այդ որոշումը կայացվել է ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումների համատեքստում, և ռուսական կողմը, բնականաբար, Հայաստանի իշխանությունների գիտությամբ, «ամրացնում է ոտնատեղը»։ Առայժմ ստույգ հայտնի չէ, արդյոք սկսված շինարարությունը նպատակ ունի՞ ընդլայնել ռուսական զորքերի թվակազմը Հայաստանում։ Թեպետ կան խոսակցություններ, որ նոր կառույցներում տեղակայվելու է հայ-ռուսական համատեղ արագ արձագանքման ստորաբաժանումը, որի ստեղծման վերաբերյալ որոշում ընդունվեց ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովում։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Գոտի ձգելու ժամանակը
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մոտ ժամանակներս Մոսկվա ներկրվող ինչպես տնտեսական ապրանքների, այնպես էլ սննդամթերքի գները կարող են 20-30 տոկոսով աճել։ Դա առաջին հերթին պայմանավորված է վերջին մեկ-երկու ամսում դոլարի նկատմամբ ռուսական արժույթի աննախադեպ արժեզրկմամբ և ներկրվող ապրանքների մեծ տեսակարար կշռով: Մասնավորապես, Մոսկվայում վաճառվող տավարի մսի 70, ինչպես նաև կենդանական և բուսական յուղի 40 տոկոսն արտասահմանյան է: Երևի այս փաստը նկատի ունի Հայաստանի կառավարությունը, որ այդքան համառորեն ցածր է պահում դոլարի կուրսը, քանզի պարզ է, որ դրա բարձրացումը կտրուկ կթանկացնի ողջ ներկրվող ապրանքատեսականին, իսկ դա մեր ներքին սպառման գերակշիռ մասն է կազմում:
Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ